Վրաստանը մտադիր է պահեստազորայիններ պատրաստեր Շվեյցարիայի և Նորվեգիայի օրինակով

Վրաստանի իշխանությունները այդ երկրի ԶՈՒ-ում պահեստազորայինների պատրաստման նոր համակարգի ձևավորման նպատակով սկսել են համագործակցությունը Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Վրաստանի պաշտպանության նախարարությունն, ըստ նրա, մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում վրացական ԶՈՒ-ը դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա, ինչի համար խիստ կարևոր է պահեստազորի առկայությունը։

Ալասանիան նշել է, որ դեկտեմբերի 18-ին Վրաստանի Միասնական շտաբից կստանա ԶՈՒ-ի շինարարության պլանը։

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ աղբյուրը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ պահեստազորային համակարգը ձախողվեց, քանի որ սխալ էր կառուցված։ Ըստ նույն աղբյուրի՝ պահեստազորը հավաքվում էր քաղաքական շարժառիթներից ելնելով. իշխանությունները ձևավորում էին պահեստազորը՝ նրանց քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

Նշենք նաև, որ գարնանը Վրաստանի Պառլամենտը սկսել էր Վրաստանի ԶՈՒ-ում պահեստազորային համակարգի ստեղծման հայեցակարգի քննարկումը, սակայն չէր հասցրել ավարտել այն։

Բացի այդ, 2008 թվականի պատերազմից հետո կար նաև փորձնական մի նախագիծ, ըստ որի` պահեստազորայինները հավաքագրվում էին տարածաքային սկզբունքով, այսինքն` պահեստազորայինները ծառայության էին անցնում իրենց բնակավայրում։ Ենթադրվում էր, որ այդ տարածքային բաղկացուցիչը կմիավորվի ավանդական հավաքագրման մեխանիզմի հետ։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խոսքերով, դրա արդյունքում յուրաքանչյուր գյուղ պիտի ունենար ինքնապաշտպանության իր ջոկատը։

Աղբյուր. ВЗГЛЯД

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *