Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը վիճելի Սենկակու կղզիների տարածքում չինական ինքնաթիռի հայտնվելու պատճառով օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի F-15 կործանիչները։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամա Ֆիձիմուրան։
(ինական ինքնաթիռը ժամը 06։06-ի սահմաններում Սենկակու կղզեխմբի մաս կազմող Ուոցուրիձիմա կղզու հարավային հատվածում հայտնաբերել են Ճապոնիայի անվտանգության ծառայության պարեկային նավերը։
Միաժամանակ Ճապոնիայի առափնյա պահպանության աշխատակիցները տեղեկացրել են, որ այսօր Չինաստանի պարեկային չորս նավեր թափանցել են Սենկակուի վիճելի տարածքներ։ Ճապոնական կողմը ռադիոկապով պահանջել է չինական նավերից թողնել տարածքը, սակայն վերջիններս, ինչպես հաղորդվում է, չեն արձագանքել։
Նշենք, որ նմանատիպ դեպք գրանցվել է դեկտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ ևս չինական պարեկային երկու նավ մտել էր վիճելի տարածք։
Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ ճապոնական կառավարությունը սեպտեմբերի 11-ին ճապոնացի մասնավոր ձեռնարկատիրոջից գնեց արշիպելագի հինգ կղզիներից երեքը, որոնք Չինաստանում համարում են չինական տարածք։
Վեճը կողմերի միջև հիշյալ տարածքների շուրջ ընթանում է 1970-ականներից։ Ճապոնիան հայտարարում է, որ կղզիներն իրեն են պատկանում 1895 թվականից, մինչդեռ չինական կողմը պնդում է, որ կղզիները անցել են չինական կայսրությանը դեռևս 6 դար առաջ։
Երկրորդ համաշխարհայինից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ վերահսկողության տակ և 1972-ին Օկինավա կղզու հետ միասին հանձնվել են Ճապոնիային։
Աղբյուր. РИА НОВОСТИ
ИТАР-ТАСС