Թուրքիայի կառավարությունը ցանկանում է երկարաձգել «արտակարգ դրությունը». Թուրքիայի վարչապետ

Հուլիսի 14-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է երկարաձգել երկրում «արտակարգ դրության» ժամկետը, որը լրանում է հուլիսի 19-ին:Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս

«Ամսի 19-ին լրանում է: Սկզբունքորեն կառավարության որոշումն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդին արտակարգ դրությունը երկրաձգելու առաջարկ ներկայացվի»,— ասել է Բինալի Յըլդըրըմը:

Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս «արտակարգ դրության» անհրաժեշտությունն ունի:

«Հենց որ բոլոր անհանգստությունները վերջանան, այդ ժամանակ «արտակարգ դրությունը» կհանենք: Երբ որ ահաբեկչության դեմ մեր պայքարը հասնի իր նպատակին, այդ ժամանակ կհանենք: Մինչ դրանք չվերջանան, ոչ ոք թող մեզնից չակնկալի, որ կհանենք  «արտակարգ դրությունը» … Երկուշաբթի օրը ԱԱԽ նիստ կա: «Արտակարգ դրության» հարցը կրկին օրակարգ կբերենք և մեր առաջարկությունը կանենք կառավարությանը», — ասել է Էրդողանը:

Ավելի վաղ ևս Էրդողանը է հայտարարել, որ երկրում կշարունակի գործել «արտակարգ դրությունը», մինչև որ կկարողանան ամբողջությամբ «բարօրություն և խաղաղություն հաստատել» Թուրքիայում:

Թուրքիայում «արտակարգ դրությունը« երկարաձգում է ԱԱԽ առաջարկության հիման վրա: ԱԱԽ խորհրդի նիստը անցկացվում է Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ:

Նշենք, որ «արտակարգ դրության» պայմաններում Թուրքիայի իշխանությունները հնարավորություն ունեն ընդունել «օրենքի ուժ ունեցող» հրամանագրեր, որոնք անմիջապես հրապարակվում են Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (Resmi Gazete) և դրվում են գործողության մեջ:

Թուրքիայում «արտակարգ դրությունը» հայտարարվել է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ 2016-ի հուլիսի 20-ին: Այսինքն արդեն մեկ տարի ինչ երկրում «արտակարգ դրությունը» է հայտարարված, և իշխանությունները ուզում են այն երկարձգել ևս 3 ամսով: Հուլիսի 20-ից հետո «արտակարգ դրությունը» Թուրքիայում երկարաձգվել է 3 անգամ՝ 2016-ի հոկտեմբերին, 2017-ի հունվարին և ապրիլին:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ:

2017-ի հուլիսին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերի անձնակազմից հեռացվել է ընդհանուր առմամբ 7655 մարդ, ևս 786 մարդ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Հեռացված զինծառայողներից 150 գեներալ և ծովակալ են, 4287-ը սպա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *