Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժի՝ Քիլիս նահանգում տեղակայված ստորաբաժանումները կրակել են Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ըստ թուրքական կողմի՝ Թուրքիայի զինուժը կրակել է՝ ի պատասխան քրդական կողմի կրակոցների: Թուրքիայի զինուժը կիրառել է «Ֆըրթընա» և այլ հրետանային համակարգեր:
Քրդական ANF գործակալությունը իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժը առավոտյան ժամերից կրակում է Սիրիայի հյուսիսային Աֆրին և Շահբա շրջաններում քրդաբնակ գյուղերի ուղղությամբ: Ըստ աղբյուրի՝ դրանք արդեն մշտական բնույթ են կրում:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է համալրում Քիլիս նահանգի ստորաբաժանումները նոր զինտեխնիկայով և զինծառայողներով: Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են Սիրիայի քրդական PYD և YPG խմբավորումները: Թուրքական կողմը քրդական խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:
Վերջին շրջանում թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ: