Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին իր տարածքում և Իրաքի հյուսիսում

Հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում և Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի օդուժը մասնավորապես հարվածել է քրդերի դիրքերին Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի՝ Իրաքին անմիջապես սահմանակից շրջաններում: Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում, ընդհանուր առմամբ, «շարքից հանվել է» PKK-ի 8 զինյալ:

Վերջին շրջանում Թուրքիայի զինուժը ակտիվացրել է գործողությունները քրդերի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իրաքի հյուսիսային շրջաններում: Թուրքիայի օդուժը հիմնականում հարվածում է Իրաքի հյուսիսային շրջաններին, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Հատկապես մեծ վնասներ են կրել Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Մարդին նահանգները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *