Հուլիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության՝ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

ՀՀ նախագահի գլխավորությամբ ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում ամփոփվել են «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումները
Նախագահի համոզմամբ՝ «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:
Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել:
Զեկուցվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության և գիտության նախարարներին, որոնք միտված են շարունակելու հնչեցված ծրագրերի հետ կապված աշխատանքները՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները:
Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի անցկացված քննարկումների արդյունքները, ի մի կբերի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները և կսկսի անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները:
Կրթության և գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ:
Նախագահն հայտնել է, որ ոչ ոք չի պնդում, թե ներկայացված ծրագրերը կատարյալ են, և դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին:
Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում և գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը: Դրանց մասին են վկայում նաև հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները: