Հուլիսի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ ստեղծվող վերականգնողական կենտրոն, ծանոթացել է աշխատանքների ընթացքին և կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Նախագահին ուղեկցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նախագահը խոստացել է աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն:
Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր:
Համալսարանական հիվանդանոցի բակում կայացել է բացօթյա միջոցառում, որին մասնակցել են նաև հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները:
Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ են հանձնել նաև առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողներ Սարգիս Ստեփանյանը և Գոռ Դարմանյանը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ վերականգնողական կենտրոն էր այցելել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և կենտրոնին 5 մլն դրամ է փոխանցել ՀՀ ԱԺ աջակցության հիմնադրամից: ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացել է վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին:
Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասին կարող եք դիտել նաև ռեպորտաժը ստորև