Հուլիսի 12-ին Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը Օման է արտահանել այդ երկրի զինված ուժերի համար արտադրված առաջին միավոր Pars 8×8 զրահափոխադրիչը: Այս մասին հայտնում է թուրքական ընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
172 araçlık Umman sözleşmesinin ilk aracı olan PARS III 8×8'in teslimatını gerçekleştirdik. pic.twitter.com/ghOiDolm14
— FNSS Savunma (@FNSS_Savunma) July 12, 2017
Ըստ ընկերության` Օմանի հետ կնքված պայմանագիրը ներառում է 172 միավոր 8×8 և 6×6 ընթացամասերով Pars զրահափոխադրիչ: Այլ տեղեկություններ ընկերությունը չի հայտնում:
Ըստ թուրքական C4Defence մասնագիտացված լրատվակայքի՝ հուլիսի 12-ին Օմանի համար արտադրված մեքենաներից առաջինի արտահանման համար արարողություն է կազմակերպվել: Օմանի զինված ուժերի համար արտադրվող մեքենաներին տրվել է Օման Pars III անվանումը:
Դեռևս 2016-ի փետրվարին թուրքական FNSS ընկերությունը հայտնել է, որ Թուրքիան Pars մեքենաները այլ երկիր արտահանելու ևս մեկ պայմանագիր է կնքել: Սակայն ընկերության հաղորդագրությունում չէր նշվում, թե որ երկիր պետք է արտահանվեին այդ մեքենաները: Տվյալներ չկային նաև պայմանագրի գումարի և արտահանվող մեքենաների քանակի մասին:
2016-ի ապրիլին թուրքական մասնագիտացած բլոգներից մեկը հայտնել է, որ թուրքական FNSS ընկերությունը Pars մեքենաների արտահանման համար 500 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Օմանի հետ: Այսինքն յուրաքանչյուր միավորը լինում է մոտ 2,9 միլիոն դոլար:
Նշենք, որ Pars մեքենաները Թուրքիան առաջին անգամ արտահանել է Մալայզիա: Դեռևս 2010-ին մալայզիական պետական Deftech գործակալությունը պայմանագիր էր կնքել թուրքական FNSS ընկերության հետ, որով նախատեսված էր, որ Մալայզիան թուրքական ընկերությունից ստանալու էր 257 միավոր տարբեր արդիականացումների FNSS Pars 8×8 զրահամեքենաներ, որոնց համար վճարելու էր շուրջ 600 մլն ամերիկյան դոլար (1 միավորի համար ստացվում է 2,33 մլն դոլար):
Միևնույն ժամանակ կողմերը պայմանավորվել էին, որ զրափոխադրիչների մի մասը՝ շուրջ 100 միավոր, թուրքական ընկերության արտոնագրով հավաքվելու են Մալայզիայում, դրանք ստանալու էին AV8 անվանումը:
8×8 ընթացամասով Pars զրահափոխադրիչը կարող է տեղափոխել 12 մարդ, շարժիչի հզորությունը 550 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ: Մեքենայի վրա կարող է տեղադրվել 25 մմ ավտոմատ թնդանոթ:
6×6 ընթացամասով մեքենան կարող է տեղափոխել 7 մարդ, շարժիչի հզորությունը 483 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ: Մեքենայի վրա կարող է տեղադրվել 25 մմ ավտոմատ թնդանոթ:
FNSS ընկերությունը հիմնադրվել է 1985 թ.: 1988 թ. Թուրքիայի ցամաքային զորքերի համար նախագծել է առաջին տեղական զրահափոխադրիչը:
Ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է թուրքական Nurol Holding ընկերությանը, իսկ մյուս մասը՝ բրիտանական BAE systems ռազմարդյունաբերական ընկերությանը: Ներկայում ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի թրթուրավոր և անվավոր զրահապատ մեքենաներ, որոնք կիրառվում են նաև այլ երկրների զինված ուժերում: