Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների խումբը հասել է Կատար

Հուլիսի 11-ին Թուրքիայի և Կատարի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների նոր խումբ է ուղարկվել Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Ըստ աղբյուրի՝ Կատար է ուղարկվել Թուրքիայի ցամաքային զորքերի 1 բանակի 45 հոգուց կազմված հատուկ նշանակության զորքերի (կապույտ բերետավորներ) խումբ: Այդպիսով, Կատարում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թվաքանակը հասել է 150-ի:

Թուրքիայի զինված ուժերի 1-ին բանակի վերահսկողության ներքո երկրի արևմտյան շրջաններն են, բանակի շտաբը տեղեկայված է Ստամբուլում:

Ըստ պարբերականի՝ առաջին փուլում Կատար է ուղարկվել Թուրքիայի ԶՈւ 88 զինծառայող, այնուհետև ևս 23 զինծառայող և ռազմական մեքենաներ:

Զինծառայողների հաջորդ խումբը նախատեսվում է ուղարկել հուլիսի 16-19-ին: Այդ ժամանակ Կատարում կտեղակայվի 25 զինծառայողներից կազմված հրետանային խումբ: Բացի այդ, Կատար կուղարկվեն նաև «Ֆըրթընա» հաուբիցներ:

Կատարի զինված ուժերի հրամանատրությունը ևս հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ զինծառայողների նոր խումբը հասել է Կատար:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում:

Հատկանշական է, որ հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին: Պահանջների թվում է նաև թուրքական ռազմաբազայի փակումը:

Սակայն Կատարը մերժել է այդ պահանջների կատարում և դրանք անվանել անիրատեսական ու անկիրառելի: Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Կատարը չի պահանջել, որ Թուրքիան դուրս բերի ռազմաբազան այնտեղից, թուրքական զորքերը կմնան Կատարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *