ՆԱՏՕ-ն հրապարակել է դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցը, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ ընդհանուր ծախսերը որոշ չափով աճել են, իսկ Ռումինիան կատարել է ՆԱՏՕ-ի հորդորը՝ պաշտպանական ծախսերը հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակի: ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ամբողջ զեկույցը կարելի է ներբեռնել այստեղից:
Տվյալները ՆԱՏՕ-ի քարտուղարություն ներկայացրել են հենց անդամ պետությունները: 2017-ի համար ներկայացված թվերը ներկայացված են ըստ մասնագետների գնահատականների, քանի դեռ տարին դեռ չի ավարտվել: Վերջնական հաշվարկում դրանք կարող են փոփոխվել:
2016 թվականի համեմատ՝ ՆԱՏՕ-ի 2017 թվականի համար նախատեսված ընդհանուր ծախսերը ավելացել են շուրջ 25 մլրդ ԱՄՆ դոլարով: Այստեղ, սակայն, ավելացումը հիմնականում կատարվել է ի հաշիվ ԱՄՆ-ի, քանի որ ԱՄՆ-ն իր ընդհանուր ծախսերը ավելացրել էր շուրջ 19 մլրդ դոլարով:
Այս տարի ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքը համալրեց նաև Չեռնոգորիան, սակայն այս երկրի բաժինը կառույցի երկրների ռազմական ծախսերի ընդհանուր թվի մեջ չնչին է՝ 72 մլն դոլար:
Բոլոր թվերը կարող եք տեսնել ստորև ներկայացված աղյուսակում:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակի հասցնելու հորդորին, ապա այս շեմին հասած 5 երկրներին ավելացել է Ռումինիան:
- ԱՄՆ (3,58 տոկոս),
- Հունաստան (2,32 տոկոս),
- Մեծ Բրիտանիա (2,14 տոկոս),
- Էստոնիա (2,14 տոկոս),
- Ռումինիա (2,02 տոկոս),
- Լեհաստան (2,01 տոկոս):
Համեմատության համար. 2016-ի ցուցանիշներով ՀՀ պաշտպանական բյուջեիհարաբերությունը Հայաստանի ՀՆԱ-ին մոտ 4,1 տոկոս է:
ՆԱՏՕ-ն իր անդամներին առաջարկում է նաև երկրի ռազմական բյուջեյի 20%-ը հատկացնել ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերմանը:
2017-ի գնահատականով այդ առաջարկը բավարարել է միայն 13 երկիր: 2 տոկոսի շեմը անցած երկրներից այս առաջարկը չեն կատարել միայն Հուսաստանը (15,44 տոկոս) և Էստոնիան (19,27 տոկոս):