Հուլիսի 11-ին Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների նոր խմբաքանակ և անձնակազմ է ուղարկել երկրի հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանամերձ հատված: Շարասյունը բաղկացած է եղել 6 ռազմական մեքենայից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ռազմական մեքենաները համալրելու են Թուրքիայի ԶՈւ սահմանային ստորաբաժանումները:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ ռազմական մեքենաները տեղակայվելու են ցամաքային զորքերի 3-րդ սահմանապահ գումարտակի հրամանատարության սահմանային ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները
Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»: Վերջին շրջանում թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ: Թուրքիայի իշխանական օղակները՝ մասնավորապես երկրի նախագահը և պաշտպանության նախարարը ևս չեն բացառում, որ հնարավոր է նոր գործողություններ իրականացնեն Սիրիայի հյուսիսում:
Սակայն Աֆրինում գործողություններ իրականացնելու համար Թուրքիան այն պետք է նաև համաձայնեցնի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ: Թուրքական մամուլում նաև տեղեկություններ են տարածվել, որ ռուսական զորքերը սկսել են դուրս գալ Աֆրինից, սակայն ռուսական կողմը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Թուրքիա այցի ընթացքում կողմերը քննարկել են այդ հարցը:
Մյուս կողմից Սիրիայի քրդերին իր աջակցությունն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն, որը քրդերին դիտում է որպես իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայում: Այս փաստը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական կողմը ԱՄՆ-ին նույնիսկ մեղադրել է «ահաբեկիչների աջակցելու համար»: Հետևաբար քրդերի դեմ նոր գործողությունների իրականացումը, առանց ԱՄՆ-ի հետ համաձայնության, կարող է բերել աննախադեպ լարվածության թուրք-ամերիկյան հարաբերություններում: