Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել ևս 2-ը

Հուլիսի 10-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ականանետով կրակել են Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ սահմանապահ բրիգադին կից սահմանապահ գումարտակի վրա, սպանվել է 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց:

Հուլիսի 11-ին ևս մեկ, սակայն ոչ մարտական կորուստ է գրանցվել Թուրքիայի ուժային կառույցներում: Թուրքիայի արևմտյան Քյոթահիա նահանգում ժանդարմերիայի զինծառայողների տեղափոխող մեքենան բախվել է բեռնատարի, մահացել է ժանդարմերիայի 1 զինծառայող, վիրավորվել 8 հոգի, որից 3-ը զինծառայող: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում աճում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը շարունակում է քրդերի դեմ գործողությունները Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Ըստ թուրքական մամուլի՝ հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգում Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 25 զինյալի:

Թուրքիայի զինուժը նաև նոր գործողություններ է սկսել հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում: Գործողությունների իրականացման համար Նուսայբին գավառի մի քանի շրջաններում «փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել: Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով ամենաշատ վնասներ կրած գավառներից մեկն է:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումների հետևանքով կողմերը ունեն և՛ մարդկային, և՛ նյութական մեծ կորուստներ: Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք նահանգներ ավերակների են վերածվել, տարբեր հաշվարկներով տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառ շինությունների տեսքը 2015-ի հունիս — 2016-ի մայիսի ընթացքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *