ԱՄՆ Սիրիայում գործող ալ-Նուսրա խմբին ճանաչել է որպես ահաբեկչական խումբ

Դեկտեմբերի 10-ին Սիրիայում գործող արաբական «ալ-Նուսրա ճակատ» խմբին ԱՄՆ պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է ԱՄՆ-ի կառավարության «Ֆեդերալ Ռեջիստեր» լրատվակայքը:

Այս քայլով ԱՄՆ փորձում է մեկուսացնել Իրաքի «ալ-Ղաիդաի» հետ կապեր ունեցող արաբական «ալ-Նուսրա ճակատ» խմբին: Ճանաչումը նշանակում է, որ ամերիկյան կառավարության, կազմակերպությունների և քաղաքացիների համար խմբի հետ համագործակցությունը արգելվում է: ԱՄՆ հույս ունի, որ այլ արևմտյան երկիրները կհետևեն իր քայլին:

Անցած շաբաթ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը ասել է, ««ալ-Նուսրա ճակատի» նման ծայրահեղական խմբերը խոչընդոտում են Սիրիայում քաղաքական լուծում գտնելուն»:

Սիրիայի այլ ապստամբ խմբավորումները, ներառյալ «Ազատ Սիրիայի բանակ»-ը, որի վարկանիշը ԱՄՆ փորձում է բարձրացնել, միջնորդագրեր են ստորագրել և համացանցում հայտարարություն տեղադրել, որոնցում «ալ-Նուսրա ճակատին» աջակցություն են հայտնում:

Ապստամբները կոչ են արել ուրբաթ օր անցկացվելիք բողոքի ցույցի թեման անվանել «Ոչ ամերիկյան միջամտությանը, մենք բոլորս «ալ-Նուսրա ենք»»:

Ըստ «Ֆեդերալ Ռեջիստրի» խմբին որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը արվել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի և գանձարանի քարտուղար Թիմոթի Գեիդների հետ խորհրդակցությունից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *