2017 թվականի ամառային զորակոչի զինծառայողները, հնարավոր է, կարողանան ցանկության դեպքում 6 ամիս հետո ծառայությունը շարունակել ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով: Այս մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«… Որովհետև բոլոր դեպքերում զորակոչիկը վեց ամիս պիտի պատրաստվի ուսումնական ծրագրի շրջանակներում, և այսօրվա զորակոչված զինծառայողները դեռևս վեց ամիս պատրաստվելու են ծառայության ուսումնական զորամասերում, իրենց զորամասերում, նախապատրաստական ստորաբաժանումներում: Եվ այնպես կստացվի, որ հենց առաջին պատրաստված նորակոչիկները կարող են նաև «Ես եմ» ծրագրի շրջանակներում կնքել պայմանագիր», — մանրամասնել է Մովսես Հակոբյանը:
Ըստ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ սա դեռևս պետք է քննարկվի, և եթե օրենսդրական դաշտը հնարավորությունը տա, կիրականացվի: Սակայն ամեն դեպքում այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ դեռևս տարվում են:
Նշենք, որ «Ես եմ» ծրագրով ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։
Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում (հնարավոր են փոփոխություններ)․
- մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
- մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
- ուսման վարձի փոխհատուցում:
Մովսես Հակոբյանը նաև հայտնել է, որ ամառային զորակոչի նորակոչիկների շրջանում անցկացվում է հարցում «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին միանալու պատրաստակամությունն հասկանալու համար: