2014-ից կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է առնվազն 4000 քաղաքացիական. Airwars

2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից սպանվել է ամենաքիչը 4354 քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքը։

Ըստ կայքի տվյալների՝ ընդհանուր առմամբ, կոալիցիան հասցրել է 23345 ավիահարված, որից 13111-ը Իրաքում, 10234-ը՝ Սիրիայում։

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածները Ռաքքայի ուղղությամբ, (արխիվ)

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածները Ռաքքայի ուղղությամբ, (արխիվ)

Իսկ ըստ կոալիցիայի՝ հուլիսի 7-ին հրապարակած տվյալների՝ 2014 թվականից ի վեր կոալիցիայի հասցրած ավիահարվածներից մահացել է ամենաքիչը 600 քաղաքացիական։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ՝ 2017-ի մայիսին, կոալիցիան տվյալներ էր հրապարակել, որ 2014-ից Inherent Resolve գործողության շրջանակում՝ Իրաքում և Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից 352 քաղաքացիական է սպանվել:

Սակայն Airwars.org կայքի տվյալներով՝   միայն 2017 թվականի մարտ ամսին կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 1000 մարդ:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *