Ամերիկյան «Ֆալանքս» 6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգի իրանական տարբերակը փորձարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ, դերծովակալ Մահմուդ Մուսավին։ Հուլիսի 8-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Փորձարկումների ավարտից հետո համակարգը կմատակարարվի Իրանի բանակի ռազմածովային ուժերին։
Իրանը «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի կառուցման աշխատանքները սկսել է 2015թ.: Համակարգը դեռևս չի ներկայացվել հանրությանը։
Զենիթահրետանային համակարգը նախատեսված է մինչև 1,5 կմ հեռավորության վրա հականավային հրթիռների խոցման համար: Արկի սկզբնական արագությունը 1036 մ/վ է, մեկ րոպեում արձակում է 3000 արկ:
Իրանի ռազմածովային ուժերի սպառազինությունում ներկայում առկա տեղական արտադրության զենիթահրետանային համակարգերից են «Մոհարամը» և «Ախգյարը»:
«Մոհարամն» արտադրվել է 2014 թվականին, զանգվածը 45կգ է, անձնակազմը՝ 2 հոգի, ունի 6 փող, տրամաչափը՝ 12,7 մմ, արկի սկզբնական արագությունը՝ 1050 մ/վ, կրակի արդյունավետ հեռավորությունը՝ 2500 մ, առավելագույն հեռավորությունը՝ 7000 մ:
«Ախգյարը» նույնպես արտադրվել է 2014 թվականին, զանգվածը 45 կգ է, անձնակազմը՝ 2 հոգի, 6 փողանի է, տրամաչափը՝ 7,62 մմ, արկի սկզբնական արագությունը՝ 1050 մ/վ, կրակի արդյունավետ հեռավորությունը 2500 մ, առավելագույն հեռավորությունը 7000 մ: