Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
ՊԲ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը Արցախի հայկական զորքերի շփման գծում կրակել է հրաձգային զինատեսակներով, Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներով, տարբեր տրամաչափի ականանետներով ու նռնականետներով:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:
Նշենք, որ նույն օրը ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժը կրակել է հայկական զինուժի դիրքերին: