Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են ՀՀ ԶՈւ որոշ զինատեսակներ

Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են հրետանային կապի միջոցներ, կառավարման կետեր, ռազմատեխնիկական ունեցվածքի մի շարք ուղղություններով արտադրվել են փորձնական խմբաքանակներ:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ավարտին են հասցվել նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Անդրադառնալով ռազմարդյունաբերական ոլորտում 2016 թվականին իրականացված աշխատանքներին՝ նա նշեց, որ 2016-ի ընթացքում ավարտին են հասցվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակումների ծրագրերի հիմնական մասը, մնացած մասը կատարվելու է մինչև այս ամսվա մեջ:

Նշված աշխատանքներն իրականացվել են հետևյալ ոլորտներում.

  • Կապի,
  • Օպտիկայի,
  • Անօդաչու սարքերի դեմ պայքարի,
  • Ազդանշանային սարքերի,
  • Անձնակազմի անիվային տեխնիկայի տնտեսության ապահովում

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի համար շարունակում է առաջնահերթություն մնալ ԶՈւ արդյունավետ համալրումը: 2016-ի ընթացքում այս ուղղությամբ կատարվել են աշխատանքներ պայմանագրային զինծառայողների ավելացման, զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ:

«Բայց բոլորս գիտենք, որ մենք այս ոլորտում դեռևս ունենք որաշակի խնդիրներ, և առաջիկայիում քննարկելու ենք զինված ուժերի համալրման արդյունավետ մեխանիզմների ներդրման, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափածների թվաքանակի նվազեցման, նախազորակոչային պատրաստության և զորակոչի առավել արդյունավետ կազմակերպման, զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված խնդիրներ», — հայտարարել է հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 12698 մարդ: Նրանցից 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *