ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ՝ գյուղի մոտ տեղակայված հրետանու տեսագրությունը (ՎԻԴԵՈ)

Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել է Ադրբեջանի Ալխանլի գյուղի մոտ տեղակայված հրետանային կայանը պատկերող տեսանյութ: Ստորև տեղադրված տեսանյութում երևում է հրետանային կայանը՝ դրա համար փորված հրետանային դիրքում, որն էլ մոտ հեռավորության վրա է գյուղի բնակելի տներից:

Պաշտպանության բանակի կայքի՝ տեսանյութին կից հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել:

«Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են», — նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանական բանակը մասնավորապես Ադրբեջանի Ալխանլի գյուղում տեղակայված իր հրետանային կայաններով հրետակոծել է Պաշտպանության բանակի դիրքերն ու հենակետը: Պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել, ինչից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական բնակավայրերը թիրախավորելու համար:

Սակայն Razm.info-ի պատրաստած քարտեզներում երևում է, որ ադրբեջանական բանակը հրետանու համար նախատեսված խրամատներ ունի նույն գյուղում: Այսպիսով, ադրբեջանական կողմը կրակել էր սեփական բնակավայրից՝ պատասխան հարվածի թիրախ դարձնելով հենց այդ բնակավայրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *