Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Թուրքիայի մի շարք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 4 զինծառայող, ևս 10 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Ըստ թուրքական աղբյուրի՝ գործողություններում «շարքից հանվել է» քրդական կառույցի 93 զինյալ: Գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի հարավարևելյան Շրնաք, Հաքքարի և Սղերթ (Սիիրթ) նահանգներում:
Հուլիսի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2015 թվականից ի վեր Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» 11.000 քուրդ զինյալի:
Թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից, երբ Թուրքիայի ուժայինները նոր գործողությունների փուլ սկսեցին քուրդ զինյալների դեմ:
Արդեն 2 տարի շարունակվող գործողություններում մի շարք բնակավայրեր ամբողջությամբ կամ կիսով չափ ավերակների են վերածվել, բախումների հետևանքով աճում է նաև քրդաբնակ նահանգներից տեղահանված բնակիչների թիվը: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015-2016- ընթացքում հարավարևելյան նահանգներից տեղահանվել է 350-500 հազար բնակիչ: