Թուրքիայի օդուժը հարվածել է PKK դիրքերին Իրաքի հյուսիսում

Հուլիսի 6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 զինյալ: Թուրքիայի օդուժը PKK-i դիրքերին հարվածել է նաև հուլիսի 4-ին:

Վերջին շրջանում Թուրքիայի զինուժը ակտիվացրել է գործողությունները քրդերի դեմ թե՛ Թուրքիայի տարածքում, թե՛ Իրաքի հյուսիսում:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից, երբ Թուրքիայի ուժայինները նոր գործողությունների փուլ սկսեցին քուրդ զինյալների դեմ: Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները երկրի հարավարևելյան և արևելյան մի քանի նահանգներում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:

Նշենք, որ բացի այդ, հուլիսի 3-ին Իրաքյան Քրդստանի Հաջի Օմարան շրջանը հրետակոծել է նաև Իրանը: Հրետակոծության հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ և քրդական «Քոմալահ» խմբավորման 2 զինծառայող, կան նաև վիրավորներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *