Քանի դեռ Կատարը չի պահանջել դուրսբերում, Թուրքիայի ԶՈւ ռազմաբազան կմնա Կատարում. Էրդողան

Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ քանի դեռ Կատարը չի պահանջել, որ Թուրքիան դուրս բերի ռազմաբազան այնտեղից, թուրքական զորքերը կմնան Կատարում: 

«Հիմա այդպիսի բան ինչո՞ւ չեն պահանջում ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից: Հիմա այնտեղ ԱՄՆ-ի ռազմաբազա էլ կա, Ֆրանսիայի ռազմաբազա էլ կա: Ինչո՞ւ նրանց համար այպիսի բան չի պահանջվում, Թուրքիայի դեպքում պահանջվում է: Թուրքիան Կատարի հետ ունեցած համաձայնությանը հավատարիմ է և մինչև վերջ էլ կմնա», — ասել է Էրդողանը:

Լրագրողին այն հարցին, թե արդյոք Կատարի՝ ռազմաբազան դուրս բերելու պահանջ լինելու դեպքում, Թուրքիան ճգնաժամի լուծման համար կգնա այդպիսի քայլի, Էրդողանը պատասխանել է, որ եթե Կատարը նման պահանջ, խնդրանք ներկայացնի Թուրքիային, թուրքական կողմը չի մնա մի տեղում, որտեղ իրեն չեն ցանկանում տեսնել:

Ընդհանուր առմամբ, խոսելով արաբական երկրների՝ Կատարին ներկայացրած պահանջներից՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ պահանջները երբեք ընդունելի չեն լինի և այդ պահանջները նշանակում են, որ արաբական երկրները որպես պետություն չեն ճանաչում Կատարը:

Էրդողանը նաև նշել է, որ Կատարում ռազմաբազա տեղակայելու աշխատանքները սկսել են դեռևս 2014-ին և այժմ արվող աշխատանքները դրա շարունակությունն են: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2014-ին ռազմաբազա տեղակայելու առաջարկ է արել նաև Սաուդյան Արաբիային:

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը»  (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում: Ներկայում Թուրքիան արդեն 2 խումբ է ուղարկել Կատար:

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Դրանց թվում է նաև թուրքական ռազմաբազայի փակումը: Պահանջներն ամբողջությամբ այստեղ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *