Ադրբեջանի բանակի՝ ադրբեջանական գյուղերում տեղակայված դիրքերի խոցումը. նախորդ դեպքերը

Հուլիսի 4-ին ՊԲ դիրքերի ու հենակետերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության և ՊԲ պատասխան հարվածներից հետո կրկին բարձրացավ թեման, որ Ադրբեջանի բանակն իր մարտական դիրքերը տեղակայում է սեփական բնակավայրերի մոտ:

Razm.info-ն որոշեց հավաքել նույնպիսի դեպքերը, երբ ադրբեջանական կողմը կրակել է սեփական գյուղերում տեղակայված դիրքերից ու պատասխան կրակից հետո սկսել է բողոքել, թե իրենց գյուղերը հրետակոծվում են:

 

Ադրբեջանի ԶՈւ կապի հանգույցի խոցումը (մայիսի 18, 2017)

Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին ադրբեջանական բանակը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառում է Spike հակատանկային կառավարվող հրթիռ ու վնասում է Պաշտպանության բանակի «Օսա» զենիթահրթիռային համակարգը, հետևում է ՊԲ պատասխան հարվածը: Պատասխան գործողությունների արդյունքում ՊԲ հրետանին խոցում է ադրբեջանական հենակետերից մեկն ու դրա մոտ տեղակայված զինտեխնիկան:

Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ: Սակայն ինչպես ցույց են տալիս Razm.info-ի տեղադրված քարտեզ-նկարները, ադրբեջանական բանակն իր դիրքերը կրկին տեղակայել էր հենց բնակավայրի մոտ, ինչը թիրախ էր դարձնում նաև ադրբեջանական գյուղը:

ՊԲ կայքի հրապարակած տեսանյութում երևացող ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և կապի հանգույցն ադրբեջանական բնակավայրերից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա է:

Ադրբեջանի բանակի ՌԷՊ և կապի հանգույցի հեռավորությունը ադրբեջանական մոտակա բնակելի տներից՝ 450 մետր

Ադրբեջանի բանակի ՌԷՊ և կապի հանգույցի հեռավորությունը ադրբեջանական մոտակա բնակելի տներից՝ 450 մետր

Ադրբեջանական բանակի ՌԷՊ-կապի հանգույցը և «Օսա» համակարգի լիցքավորման մեքենան՝ քարտեզի վրա տեղորոշմամբ

Ադրբեջանական բանակի ՌԷՊ-կապի հանգույցը և «Օսա» համակարգի լիցքավորման մեքենան՝ քարտեզի վրա տեղորոշմամբ (նշված են նաև ՊԲ հրապարակած տեսանյութի համապատասխան վայրկյանները)

 

Ադրբեջանական հրետանին ադրբեջանական գյուղում (փետրվարի 12, 2017)

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել էր տեսանյութ, որտեղ պնդում էին, թե «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախը գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է:

Տեսանյութում ադրբեջանցի գյուղացիները ևս նշում են, որ մինչ այդ հայկական ստորաբաժանումները գյուղի բնակելի հատվածի վրա չեն կրակել, բոլոր արկերն ընկել են գյուղի մոտ:

Սակայն նույն տեսանյութում՝ հենց նկարահանման պահին մի քանի անգամ կրակում են նույն «գյուղին մոտ» հատվածին, ինչի ընթացքում հստակ երևում է, որ այնտեղ տեղակայված են ադրբեջանական զինուժի հրետանային համակարգեր:

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ

 

Ապրիլյան պատերազմի ընթացքում (ապրիլի 28, 2016)

Առավել աղմուկ բարձրացրած դեպքերից մեկն էլ եղել է Ապրիլյան պատերազմի ընթացքում: Ապրիլի առաջին օրերի մարտական գործողություններից ու հարաբերական դադարից հետո իրավիճակը կրկին սրվեց ապրիլի 26-28-ին: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում էր խաղաղ բնակավայրեր հրետակոծելու համար:

Սակայն ապրիլի 28-ին ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ադրբեջանական հրետանու դիրքերի լուսանկարները, որոնցից երևում է, որ այդ դիրքերը գտնվում են ադրբեջանական բնակավայրերի թիկունքում: Սրա արդյունքում ստացվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն կարող են թիրախ լինել, այլև գտնվում են հայկական ու ադրբեջանական կրակակետերի միջև, ինչը երևում է ստորև հրապարակված լուսանկարում և քարտեզում:

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ)

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ)

 

Ավելի վաղ դեպքեր

2015 թվականի դեկտեմբերին, երբ իրավիճակը հերթական անգամ լարվեց հայ-ադրբեջանական սահմանում, հայկական կողմը հրապարակեց Պաշտպանության բանակի՝ ԱԹՍ-ով նկարած որոշ գործողություններ: Տեսանյութերում ներկայացվում էին ադրբեջանական բանակի դիրքերի և հենակետերի հրետակոծությունները Պաշտպանության բանակի կողմից:

Տեսանյութերից առնվազն մեկում երևում է, թե ինչպես է հայկական կողմը խոցում ադրբեջանական հենակետը, որը հենց ադրբեջանական բնակավայրի կողքին է: Եվ դա այն նույն բնակավայրն է, որի հարևանությամբ տեղակայված դիրքերից արդեն 2017 թ. հուլիսի 4-ին հրետակոծել են Պաշտպանության բանակի դիրքերն ու ստացել են պատասխան հարվածներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *