Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» Եգիպտոսում Տ-90 տանկերի հավաքման ձեռնարկություն կհիմնի

Եգիպտոսում ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը նախատեսում է Տ-90Ս տանկերի հավաքման կենտրոն ստեղծել: Այս մասին նշված է ընկերության՝ 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ 2017-ին «Ուրալվագոնզավոդը» մտադրված է աշխատանքներ տանել Եգիպտոսում Տ-90Ս/ՍԿ տանկեր հավաքելու համար ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ:

Տ-90Ս տանկ

Զեկույցում նշված է նաև Իրաքին Տ-90Ս տանկեր վաճառելու մասին: Ներկայում Տ-90Ս տանկեր արտոնագրով արտադրում են Հնդկաստանում:

Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է, որն էլ Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:

Տ-90-ը սպառազինված է 125 մմ թնդանոթով, 12,7 մմ «Կորդ» զենիթային գնդացրով ու թնդանոթին կցված ՊԿՏՄ 7,62 մմ գնդացրով: Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկերը մտնում են նաև Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ:

2016-ի փետրվարին «Ուրալվագոնզավոդ» ընկերության տնօրենի տեղակալ Ալեկսեյ Ժարիչը հայտնել էր, որ Իրանի նկատմամբ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պատժամիջոցների վերացումից հետո ձեռնարկությունը պատրաստ է Տ-90Ս տանկերի արտոնագրային արտադրություն կազմակերպել Իրանում: Սակայն  Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ իրանական կողմը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և մտադիր է սեփական տանկեր արտադրել Իրանում:

Արդեն 2017-ի մարտին Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Քարրար» տանկը, որը ստեղծվել է ռուսաստանյան Տ-72 տանկերի հիման վրա։ Տանկը շուտով կհամալրի Իրանի բանակի ցամաքային զորքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *