Ղազախստանը մտադիր է վերադարձնել «Բայկանուրը»

Ղազախստանը մտադիր է դադարեցնել Ռուսաստանի կողմից «Բայկանուր» քաղաքի և տիեզերակայանի վարձակալման պայմանագիրը։

Այդ մասին հայտարարել է Ղազախստանի Ազգային տիեզերական գործակալության ղեկավար Թալգատ Մուսաբաևը և հավելել, որ Ղազախստանի իշխանությունները ներկայումս Ռուսաստանի հետ պայմանագրի ձև են պատրաստում, որը ենթադրում է ՌԴ հրաժարումը վարձակալական հարաբերություններից։ Միևնույն ժամանակ, ըստ Մուսաբաևի, քննարկվում է «Բայկանուր» համալիրի տարածքում գտնվող համանուն քաղաքը Ղազախստանի իրավասությանը հանձնելու հարցը։

Մուսաբաևը չի նշել, թե երբ պատրաստ կլինի պայմանագիրը։ Ըստ նրա՝ այդ հարցերով կզբաղվի ռուս-ղազախական միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղազախական կողմից կղեկավարի այդ երկրի փոխվարչապետ Քայրատ Քելիմբետովը, իսկ ռուսական կողմից՝ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

Մուսաբաևը հայտնել է, որ վարձակալման դադարեցումը կկատարվի աստիճանաբար. սկզբնական փուլում ՌԴ վարձակալությունից կհանվի «Զենիթ» հրթիռային համակարգը։

«Բայկոնուրի» վարձակալման հնարավոր դադարեցման մասին դեռևս նոյեմբերի կեսերին հայտնել էր Ինտերֆաքս գործակալությունը՝ նշելով, որ այդ մասին պնդում է ղազախական կողմը։ Միևնույն ժամանակ հաղորդվում էր, որ տեղում աշխատող մասնագետների կարծիքով՝ «Բայկանուրը» Ղազախստանին հանձնելու դեպքում համալիրում կադրային խնդիր կառաջանա, քանի որ շատ ռուսներ կհեռանան քաղաքից։

Նշենք, որ Ռուսաստանը վարձակալում է «Բայկանուրը» 1994 թվականից։ Գործող պայամանագրի ժամկետն ավարտվում է 2050-ին։ Նրա արժեքը կազմում է տարեկան 115 մլն դոլար։

Ներկայումս ՌԴ-ն Ամուրի մարզում իրականացնում է այլընտրանքային «Վոստոչնի» տիեզերակայանի կառուցման աշխատանքերը։ Հրթիռների առաջին թռիչքն այնտեղից նախատեսված է 2015-ին։

Բայկանուր քաղաքը Ղազախստանի վարչատարածքային մաս է։ Վարձակալմամբ պայմանավորված՝ այն դաշնային նշանակության քաղաքի կարգավիճակ է ստացել։ Ներկայումս քաղաքն ունի 70 հազար բնակիչ, որոնց 37 տոկոսը ՌԴ, իսկ շուրջ 60 տոկոսը՝ Ղազախստանի քաղաքացիներ են։ Բացի դա՝ Բայկանուրում մշտապես շուրջ 4 հազար ռուս է ապրում. նրանք տիեզերակայն են գործուղվում՝ հրթիռների թռիչքներն իրականացնելու համար։ ՌԴ-ն իր բյուջեից տարեկան 1 մլրդ ռուբլուց ավելի գումար է տրամադրվում Բայկանուրին։

Հավելենք նաև, որ ներկայումս Ռուսաստանը շահագործում է նաև «Պլեսեցկ» տիեզերակայանը, որը, սակայն, չի կարող լիարժեք փոխարինել «Բայկոնուրին»

Աղբյուր՝ lenta.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *