Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ ներկա վիճակը ևս պատերազմ է, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ չեն սպասվում։ Իսկ Իրանում համոզված են, որ կհարվածեն Թուրքիային, եթե ՆԱՏՕ-ն սկսի սպառնալ։ Սիրիան ևս զերծ չի մնում զգուշավորությունից և հայտարարել է «ՍԿԱԴ» հրթիռները Թուրքիայի վրա ուղղելու մասին։
Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ սահմանին գրանցված դեպքերը դժվար թե վերածվեն ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Ադրբեջանը ռազմական առավելություն չունի Հայաստանի նկատմամբ և այդ ակցիաներն ընդամենը PR են։ «Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանի նախագահը գոնե մի անգամ իր աչքով տեսած լիներ, թե ինչ է նշանակում ռազմական գործողությունների մեջ լինել Ղարաբաղի հետ, այլևս նման ամպագորգոռ հայտարարություններ չէր անի»,- ասել է ռազմական փորձագետը։
Տարածաշրջանային լուրերից նշեմ, որ Սիրիան պատրաստ է հարված հասցնել Թուրքիային և հայտարարել է թուրք-սիրիական սահմանին «ՍԿԱԴ» և «ՍԱՄ» տիպի հրթիռներ տեղակայելու որոշման մասին։ Հրթիռներն ի զորու են հարված հասցնել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին և ունեն մարտագլխիկներ կրելու հնարավորություն։
Թուրքիային հարվածելու մասին է խոսել նաև Իրանի «իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի աերոտիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում Իրանը պատրաստ է հարված հասցնել Ալյանսի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)՝ Թուրքիայի տարածքում գտնվող օբյեկտներին: Թեմային կարելի է ծանոթանալ նաև news.am-ում և tert.am-ում։