Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները, որոնք էլ մոտ ապագայում կավարտվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարը հայտարարել է, որ Ս-400-ի նման խոշոր համակարգեր գնելը շատ մանրամասն քննարկվելու կարիք ունի:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ ի սկզբանե էլ Թուրքիայի համար պարզ է, որ Ս-400 համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ:
«Թուրքիայի համար իհարկե առաջին նախապատվությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրած համակարգերը գնելն ու դրանք ՆԱՏՕ-ի համակարգերի մեջ ինտեգրելն էր: Սակայն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Եվրոպական երկրները այդ հարցում փոխըմբռնումով չեն մոտեցել Թուրքիային: Մեզ արված առաջարկները շատ հեռու են մրցակցությունից, ավելին՝ չեն ընդգրկում արտադրության տեխնոլոգիաները: Նման մոտեցումը մեզ համար երբեք ընդունելի չէ», — ասել է Ֆիքրի Ըշըքը:
Ըստ նրա՝ Ս-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է:
Մյուս կողմից էլ Թուրքիան ներկայում իր սեփական ՀՕՊ համակարգը արտադրելու նախագիծն է սկսել: Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական տեղական արտադրության ՀՕՊ-ի համար Թուրքիան համագործակցելու է Իտալիայի և Ֆրանսիայի հետ, միևնույն ժամանակ բանակցում են նաև ԱՄՆ-ի հետ:
«Մի կողմից Ս-400-ները կգնենք ռուսներից և սեփական կարիքները կհոգանք, մյուս կողմից էլ սեփական ՀՕՊ համակարգը կարտադրենք: Դրա համար մեծ խումբ ենք ստեղծել, որը համագործակցության հարցում սկզբունքորեն արդեն պայմանավորվել է Ֆրանսիայի և Իտալիայի հետ: Նոր համակարգերի արտադրության հարցում համագործակցելու ենք ֆրանսիացիների և իտալացիների հետ», — ասել է Ըշըքը:
Նա նաև հայտնել է, որ Ս-400-ի գնումը ՆԱՏՕ-ի դաշնակցության վրա չի ազդի, և այն երկրները, որոնք այդ հարցում ժամանակին փոխըմբռնումով չեն մոտեցել Թուրքիային, իրավունք չունեն քննադատել Թուրքիային: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ նման քննադատությունների դեպքում էլ Թուրքիան անհրաժեշտ պատասխանը տալիս է այդ երկրներին:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400-ներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրն արդեն համաձայնեցվել է, սակայն դեռևս որոշված չէ վարկի չափը, որը Ռուսաստանը պետք է տրամադրի Թուրքիային՝ համակարգերի գնման համար:
Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից Թուրքիան Ս-400 համակարգերի գնման շուրջ սկսել է բանակցել Ռուսաստանի հետ: Սակայն կողմերը դեռևս որևէ պայմանագիր չեն ստորագրել:
Մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը, սակայն ավելի ուշ այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:
Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ: