Իրաքյան զորքերը շարունակում են գրավել Մոսուլում ԻՊ վերջին հենակետերը

Հուլիսի 3-ին Մոսուլի հին քաղաքում Իրաքի ոստիկանական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Բաբ ալ Սարայի շրջանը, որը Մոսուլում ԻՊ զբաղեցրած վերջին շրջաններից է։ Այս մասին տեղեկացնում է Iraqinews լրատվակայքը։

Միաժամանակ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է Խաթունիա և Ռաս ալ-Խուր շրջանները։

Մինչ այդ Իրաքի ոստիկական ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ հին քաղաքում ԻՊ ձեռքում են Ալ-Նուջեիֆիի, Ալ Սարայի շրջանները, Լակաշ և Բաբ Ջադիդ շրջանների մի մասը։

Հունիսի 29-ին Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Մոսուլի Ան Նուրի Մեծ մզկիթը, որը Մոսուլում «Իսլամական պետության» ամենակարևոր և վերջին հենակետերից մեկն էր։ Մզկիթի գրավումից հետո Իրաքի ՊՆ-ն հայտարարեց, որ Մոսուլն ամբողջովին ազատագրված է։

Մզկիթը խորհրդանշանական էր նաև այն պատճառով, որ այստեղից է 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում է որակել։

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ:

Մոսուլը Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ քաղաքն, որը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *