Հայկական ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 1 մլդր 496 մլն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ: Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի փաստաթղթերից:
Ըստ տարիների՝ մատակարարված արտադրանքի ծավալներն են.
2012 | 203 287 000 |
2013 | 312 947 000 |
2014 | 345 036 000 |
2015 | 265 758 000 |
2016 | 369 133 000 |
Այս հիմնավորումով ՀՀ պաշտպանության նախարարությունը Կառավարությանն առաջարկում է 5 տարով երկարացնել ընկերության՝ ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:
Ավելացնենք, որ զենքի արտադրության արտոնագիրն ընկերությունը ստացել է 2009 թվականին: Հետագայում՝ 2012 թվականին, ընկերության արտոնագրի ժամկետը երկարացվել է 5 տարով (մինչև 2017 թվականը):
Նշենք, որ հունիսի նիստերից մեկում կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրին», որի կետերից մեկով այս ընկերությունը միավորվելու է ևս երկու ընկերությունների հետ:
Կմիավորվեն «65 Ռազմական գործարան» ՓԲ (100% պետական բաժնեմաս), «Գառնի լեռ ԳԱՄ» ԲԲ (98,4% պետական բաժնեմաս), «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲ (80% պետական բաժնեմաս) ընկերությունները: