Չինական և իրանական լրատվամիջոցներ. ամերիկացիները գաղտնի կերպով զորք են մտցնում Իրաք

Դեկտեմբերի 9-ին պարսկական PressTV.com լրատվակայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով աստիճանաբար Քուվեյթից Իրաք 3000 զինծառայող է տեղափոխել: Զինվորները մեծ մասամբ տեղակայվել են Իրաքի հյուսիս-կենտրոնական Սալադին նահանգի Բալադ կայազորում և արևմտյան Անբար գավառի ալ-Ասադ ավիաբազայում: Նաև հաղորդվում է, որ ԱՄՆ պատրաստվում է նույն կերպ ևս 17,000 զինվորներ Իրաք մտցնել:

Երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 25-ին չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ վերջերս Իրաքի լրատվամիջոցները հաղորդել են Իրաքում ԱՄՆ զորքերի տեղակայման հնարավորության մասին:

Իրաքյան Independent Press Agency գործակալությունը՝ վկայակոչելով իր «լավատեղյակ աղբյուրին», հայտնել էր, որ C-130 Hercules տիպի տասնյակ տրանսպորտային ինքնաթիռներ թռիչքներ են կատարել դեպի Անբար գավառ ալ-Ասադ ավիաբազա: Սակայն դեկտեբերի 9-ին Անբարի գավառի խորհրդի անդամը «Սինհուա» գործակալությանը հայտնել է, որ նա ոչ մի տեղեկություն չունի գավառում ԱՄՆ զորքի տեղակայման մասին և ավելացրել, որ իրավունք չունի քննարկել այդպիսի զգայուն հարցեր:

Իրաքյան մեկ այլ լրատվական գործակալություն՝ «Բուրաթհան», հաղորդում է, որ ԱՄՆ և Իրաքը բանակցում են Իրաքում փոքր ամերիկյան ջոկատների տեղակայման մասին, որոնք զբաղվելու են Իրաքի բանակի անձնակազմի վերապատրաստմամբ։ «Բուրաթհան» նաև նշել է, որ ամերիկյան հատուկջոկատայինների մեկ ստորաբաժանում արդեն տեղակայվել է Իրաքում ահաբեկչությունների դեմ պայքարում խորհրդատվություն տրամադրելու պատրվակով:

Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների Իրաքում ներկայումս գտնվում է ծովային հետևակի փոքր ստորաբաժանում, որի պարտականությունը ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսարանների պաշտպանությունն է, ինչպես նաև 157 ԱՄՆ զինծառայող որոնք ԱՄՆ դեսպանատանը «թրեյնինգներ» են իրականացնում:

Իրաքից ԱՄՆ զորքի դուրսբերման համաձայնագիրը ստորագրվել էր 2008 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից: Ըստ համաձայնագրի ԱՄՆ զորքերը մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը պիտի ամբողջությամբ դուրս բերվեին Իրաքից:

Ըստ համաձայնագրի Բաղդադի ԱՄՆ դեսպանատունը պիտի ունենար 17000-հոգիանոց անձնակազմ իսկ Բասրայի, Մոսուլի և Քիրքուքի հյուպատոսարանները յուրաքանչյուրը՝ 1000-հոգիանոց աշխատակազմեր:

Բացի զինծառայողներից Իրաքում տեղակայված են նաև մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ։ Օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն Իրաքում կարող է պահել մասնավոր ռազմական ընկերությունների 4000-5000 վարձկանների։

Պաշտոնապես ամերիկյան վերջին 500 զինվորը Իրաքից դուրս է բերվել 2011թ. դեկտեմբերի 18-ին:

Ըստ պաշտոնական տվյալների 2012թ. Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ ունեցել է 120,712 պայմանագրային աշխատող (Աֆղանստանում՝ 113376, Իրաքում՝ 7336): Դրանցից 40110-ը ԱՄՆ քաղաքացիներ էին, 50560-ը՝ տեղացիներ և 46,231-ը՝ այլ երկրներից: Սակայն ըստ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանտարության հաղորդագրության՝ 2012 թ. Իրաքում ԱՄՆ կառավարության պայմանագրայիների թիվը կազմելու է մոտ 13.5 հազար, որոնց մոտավորապես կեսը պետդեպարտամենտի վարձած պայմանագրայինները կլինեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *