Հուլիսի 3-ին Ստամբուլի նավաշինարանից ծով է իջեցվել թուրքական «Ազգային նավ» (MİLGEM) նախագծի շրջանակներում Թուրքիայի ռազմածովային ուժերի համար կառուցվող «Ադա» դասի հակասուզանավային 4-րդ կորվետը, որը կրում է «Քընալըադա» անվանումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Sn. Cumhurbaşkanımızın teşrifleriyle milli gemimiz Kınalıada'yı tuzlu sularla buluşturduk. Bahtı açık, denizleri sakin, pruvası neta olsun. pic.twitter.com/i0mmyl3Apn
— Savunma Bakanlığı (@tcsavunma) July 3, 2017
«Քընալըադա» ռազմանավը, որը կրում է F-514 կողային համարանիշը, կառուցվել է 20 ամսվա ընթացքում: Տեխնիկական սարքավորումների համալրման հետ միասին նախատեսվում է շահագործման հանձնել 2019-ին:
Նույն օրը տրվել է MİLGEM նախագծի շրջանակներում կառուցվող 5-րդ նավի՝ «Իսթանբուլ» ֆրեգատի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Թուրքիայի նախագահը թուրքական արտադրության «Իսթանբուլ» ֆրեգատի շինարարական աշխատանքների մեկնարկն է տվել

«Քընալըադա» կորվետի ծով իջեցնելու արարողությանը ներկա է գտնվել և ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Էրդողանը հայտարարել է, որ իրենք վճռական են թուրքական տեղական արտադրության ավիակիր կառուցելու հարցում:
«Մեր երկիրը ռազմանավ նախագծով և կառուցող երկրների շարքում 10-րդն է: «Ազգային նավ» նախագծերը այժմ ավելի արագ իրականացվելու հնարավարություն են ունենալու: Աստծո կամքով կկառուցենք նաև մեր ավիակիրը: Այդ հարցում վճռական ենք», — ասել է Էրդողանը:
«Ազգային նավ» նախագծի շրջանակներում կառուցվող նավերի բնութագիրը.
- Երկարությունը — 99,5 մետր,
- Լայնությունը — առավելագույնը 14,4 մետր,
- Նավի թաղվածք — 3,59 մետր,
- Ջրատարողությունը — 2000 տոննա:
Սպառազինություն.
- 8 միավոր Harpoon Blok II տեսակի հականավային թևավոր հրթիռ,
- 1 միավոր 76 մմ-ոց հրանոթ,
- 2 միավոր 12,7 մմ-ոց գնդացիր,
- 1 միավոր S-70B SeaHawk ուղղաթիռ,
- 1 միավոր RIM-116 մակերևույթ-օդ տիպի փոքր հրթիռների կայան,
- հակասուզանավային տորպեդներ:
Ընդհանուր առմամբ, «Ազգային նավ» նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 ռազմանավ: Այդ 8 ռազմանավից շահագործման է հանձնված 2-ը: «Հեյբելիադա» կորվետը շահագործման է հանձնվել 2011-ին, իսկ «Բյույուքադան»՝ 2013-ին, ևս մեկը՝ «Բուրգազադա» նավը ծով է իջեցվել 2014-ին, սակայն համալրման և վերջնական աշխատանքներ ավարտելուց հետո այն ՌԾՈւ շահագործմանը կհանձնվի 2018-ին:
«Իսթանբուլ» դասի ֆրեգատները Թուրքիայի MILGEM «Ազգային նավ» ծրագրով կառուցվող «Ադա» դասի հակասուզանավային կորվետների ավելի մեծ տարբերակն են: Սրանք ունեն հակասուզանավային պայքարի նույն հնարավորությունները, սակայն ավելացել է զենիթային միջին հեռավորության մակերևույթ-օդ տիպի հրթիռների արձակման կայան: «Իսթանբուլ» դասում 8-ով ավելացել է նաև հականավային հրթիռների թիվը: «Իսթանբուլ» դասի ֆրեգատների վրա տեղադրվելու է RIM-162 Evolved Sea Sparrow հրթիռներով զենիթային Mk.41 կայան: