Թուրքիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

Հուլիսի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին: Հանդիպումը փակ է եղել լրատվական միջոների համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահը ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին. հուլիս 2017

Թուրքիայի նախագահը ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին. հուլիս 2017

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզության կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդան, նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի օգնական և խոսնակ Իբրահիմ Քալընը:

Չնայած հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն կողմերը ըստ երևույթին քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամին վերաբերող խնդիրներ:

Ավելի վաղ՝ հունիսի 30-ին Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամպի հետ: Օրակարգում եղել են Սիրիայի և Կատարի ճգնաժամերը և դրանց լուծմանը առնչվող հարցեր: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հունիսի 30-ին թուրքական մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Թուրքիայի զինուժը Սիրիայի քրդերի դեմ նոր ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի շրջանում: Բացի այդ, հունիսի 29-30-ին թուրքական մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Ռուսաստանը իր զորքերը դուրս է բերել Աֆրինից:

Թուրքական T24 հեռուստաալիքի կայքը հունիսի 29-ին հայտնել է, որ թուրքական կողմը վերջին 12 օրվա ընթացքում 9 անգամ հեռախոսով բանակցել է ռուսաստանյան կողմի հետ, որպեսզի ռուսական կողմը զորքերը դուրս բերի Աֆրինից: Նշվում էր, որ Ռուսաստանը համաձայնել է և «առաջիկա 6 օրում դուրս բերի զորքերը»: Սրան հակառակ՝ քրդերը պնդում են, որ ռուսական զորքերը դուրս չեն բերվել Աֆրինից:

Սակայն ո՛չ թուրքական, ո՛չ էլ ռուսական կողմը դեռևս պաշտոնական մակարդակով չեն հերքել կամ չեն հաստատել այս վարկածներից և ոչ մեկը:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումը համարում է «ահաբեկչական կառույցներ» և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար: Թուրքական կողմը մշտապես հայտարարել է, որ չի թույլատրի Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծում: 2016-ի օգոստոսին ձեռնարկած «Եփրատի վահան» գործողության նպատակներից մեկն էլ քրդական պետության ստեղծումը կանխելը:

Սակայն, նշենք, որ Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսելու դեպքում, թուրքական կողմը հարաբերությունները էլ ավելի կլարի Միացյալ Նահանգների հետ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին և զենք ու զինամթերք է ուղարկում նրանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *