Հունիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձև է ընդունել Գոլանի բարձունքներում Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարի պահպանումը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելության մանդատը երկարձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Համաձայն ՄԱԿ-ի ԱԽ 2361-րդ բանաձևի՝ Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի սահմանազատման պահպանման ուժերի (United Nations Disengagement Observer Force — UNDOF) մանդատը երկարաձգվելու է ևս 6 ամիս՝ մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը:
Բանաձևում ՄԱԿ Անվտանգությանը խորհուրդը քննադատում է Սիրիայի զինված ուժերին և տարբեր զինյալ խմբավորումներին Իսրայելի հետ սահմանազատված տարածքներում «ծանր տեխնիկա կիրառելու համար»: Դրանում նշվում է, որ այդ տարածքներում չպետք է լինեն ռազմական գործողություններ:
Բանաձևում ՄԱԿ ԱԽ անդամ երկրներին կոչ է արվում Սիրիայի զինված ընդդիմադիր խմբերին փոխանցել, որ անմիջապես դադարեցնեն UNDOF-ի վերահսկած տարածքներում այն բոլոր գործողությունները, որոնք վտանգում են ՄԱԿ խաղաղապահներին, և թույլ տան, որ խաղաղապահները իրականացնեն իրենց առաքելությունը անվտանգ և ապահով կերպով:
Բանաձևում կոչ է արվում բոլոր զինյալ խմբերին լքել Սիրիայի Ալ-Կունեյտրա նահանգում UNDOF-ի վերահսկած տարածքները և վերադարձնել խաղապահներին նրանցից վերցրած զենքն ու այլ զինտեխնիկան:
Դրանում հանձնարարվել է նաև ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկած տարածքներում ևս մեկ անցակետ ստեղծել, բացի Ալ-Կունեյտրայում եղած անցակետից:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին Իսրայելի և Սիրիայի միջև սահմանային միջադեպերի աճ է նկատվում: Իսրայելը հայտարարում է, որ հարվածում է ի պատասխան Սիրիայից եկող կրակոցների, իսկ սիրիական կողմն էլ իր տարածքները հրթիռակոծելու համար մեղադրում է Իսրայելին:
ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին՝ Գոլանի բարձունքներում, 1974 թվականից։ 1974-ի մայիսին 31-ին ՄԱԿ ԱԽ 350-րդ բանաձևով ստեղծվել են UNDOF ուժերը, որոնք էլ հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ Ներկայում սահմանազատված տարածքներում գործում է մոտ 1000 խաղաղապահներ Ֆիջիից, Հնդկաստանից, Նեպալից, Իռլանդիայից: