Սանկտ Պետերբուրգում անցկացվող ռազմածովային տեխնիկայի ցուցադրությանը ներկայացվել է ռուսաստանյան արտադրության БПВ-500 անօդաչու ուղղաթիռը, որը հետախուզական գործողություններից զատ կարող է օգտագործվել նաև որպես հարվածային միջոց:
БПВ-500 սարքն աշխատում է ներքին այրման դիզելային շարժիչով, իսկ սարքավորումների սնուցումը կատարվում է մարտկոցների միջոցով: Անօդաչու ուղղաթիռի գործողության շառավիղը շուրջ 500 կմ է, թռիչքի առաստաղը՝ շուրջ 4 կմ:
Սարքը կշռում է շուրջ կես տոննա, իսկ օգտակար բեռնատարողությունը 150-180 կիլոգրամ է: Օգտակար բեռնատարողության հաշվին սարքի վրա կարող են տեղադրվել ինչպես ռադարներ, ռադիոէլեկտորնային այլ սարքեր, այնպես էլ մինչև 180 կգ կշռող հարվածային սպառազինություն: Այս մասին նշել է անօդաչու ուղղաթիռը արտադրող ռուսաստանյան «Ռադար-ՄՄՍ» ընկերության գործադիր տնօրեն Իվան Անցևը:
Հայաստանում ևս աշխատանքներ են տարվում փոքր անօդաչու ուղղաթիռների մշակման ուղղությամբ: ArmHiTec-2016 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: