ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը և Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված` ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելության հետագա գործողությունների ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներ ՆԱՏՕ, ԵՄ և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ:

Նշենք, որ Հայաստանի զինված ուժերն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցում են 130-հոգանոց խաղաղապահ զորախմբով:

Այսօր՝ հունիսի 29-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում, սակայն նշել է, որ «դա չի նշանակում վերադարձ մարտական առաքելությանը»: ՆԱՏՕ-ն կշարունակի խորհրդատվական-մարզումային «Վճռական աջակցություն» առաքելությունը:

ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ստորաբաժանումները ներկայում աշխատում են Աֆղանստանի բանակի, այդ թվում՝ հատուկ նշանակության, ռազմաօդային ուժերին մարզելու, խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Դաշինքը կզբաղվի նաև Աֆղանստանի բանակի համար սպաների պատրաստությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *