ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունն Աֆղանստանում. Ստոլտենբերգ

Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում, սակայն նշել է, որ «դա չի նշանակում վերադարձ մարտական առաքելությանը»: ՆԱՏՕ-ն կշարունակի խորհրդատվական-մարզումային «Վճռական աջակցություն» առաքելությունը:

Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպման բացման արարողության ժամանակ:

Ստոլտենբերգը նշել է, որ այդ հարցը կքննարկվի հունիսի 29-ի հանդիպման ընթացքում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ առաքելության մասնակից 15 երկրներ արդեն հաստատել են, որ կընդլայնեն իրենց մասնակցությունը, ներգրավվածությունը: Սակայն սպասում են նաև մյուս երկրների հայտարարություններին:

ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ստորաբաժանումները ներկայում աշխատում են Աֆղանստանի բանակի, այդ թվում՝ հատուկ նշանակության, ռազմաօդային ուժերին մարզելու, խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Դաշինքը կզբաղվի նաև Աֆղանստանի բանակի համար սպաների պատրաստությամբ: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն իր ներկայությունը պետք է ընդլայնի հենց այս խնդիրները լուծելու համար:

Հիշեցնենք, որ մայիսին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պենտագոնն առաջարկում է Աֆղանստանում զորքերի թիվն ավելացնել 3-ից 5 հազարով: Իսկ արդեն հունիսին ԱՄՆ նախագահը Պենտագոնի ղեկավարին լիազորեց ինքնուրույն որոշել Աֆղանստանում զորքի թվի փոփոխման հարցը:

Ներկայում Աֆղանստանում տեղակայված է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների շուրջ 12-13 հազար զինծառայող, այդ թվում շուրջ 8400-ը՝ ԱՄՆ զինուժի: Առաքելությանը ներգրավված է նաև ՀՀ ԶՈւ 130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *