Հունիսի 28-ին Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի՝ իրենք հարվածել են այն բանից հետո, երբ սիրիական կողմից արձակված ականանետային արկ է ընկել Գոլանի բարձրունքների վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
In response to the projectile launched earlier from Syria towards Israel, IDF targeted the Syrian military position that fired the mortar
— IDF (@IDFSpokesperson) June 28, 2017
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի բանակի դիրքերին երկրի ալ-Կունեյտրա նահանգի Սամադանիե ալ Շարքիյահ գյուղում: Ականանետի արկը ընկել է այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելիս է եղել Գոլանի բարձրունքների մոտ գտնվող իսրայելական Կացրին քաղաք:
Այդ կապակցության Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի որևէ կրակոց և պատասխան կրակելու են:
«Ովքեր, որ կհարձակվեն մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց վրա: Սա է մեր քաղաքականությունը և մենք շարունակելու ենք գործել այդպես», – ասել է Նեթանյահուն
Նշենք, որ վերջին շրջանում Իսրայելի և Սիրիայի միջև նման միջադեպերը հաճախակիացել են: Միայն հունիսի 24-26-ը Իսրայելի օդուժը Սիրիայի կառավարական բանակի դիրքերին հարվածել է 3 անգամ:
Նշենք, որ Գոլանի բարձրունքները վիճելի տարածք է Իսրայելի և Սիրիայի միջև: Մինչև 1967 թվականը այն Սիրիայի ալ-Կունեյտրա նահանգի մաս է կազմել: Սակայն 1967-ի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսրայելը գրավել է այն, և մինչև այժմ Գոլանի բարձրունքները գտնվում են Իսրայելի վերահսկողության ներքո: