Հրթիռային ծրագրի զարգացման համար Իրանը կարող է 308մլն դոլար հատկացնել

Ի պատասխան Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագծի՝ Իրանի մեջլիսում կքննարկվի օրինագիծ, ըստ որի՝ երկրի հրթիռային արտադրության զարգացման համար նախատեսվում է հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քազեմ Ջալալին։ Հունիսի 28-ին փոխանցում է իրանական IRINN հեռուստաալիքը։

Օրինագիծը քննարկվելու է հաջորդ շաբաթ։

Իրանի ԶՈւ «Զոլֆաղար» հրթիռը արձակման պահին

Իրանի ԶՈւ «Զոլֆաղար» հրթիռը արձակման պահին

Օրինագիծը բաղկացած է 10 բաժնից։ 8-րդ բաժնով  պետությունը պարտավորվում է երկրի հրթիռային ծրագրի զարգացման և ահաբեկիչների դեմ պայքարելու համար 1000 մլրդ թուման հատկացնել, ևս 1000 մլրդ թուման պետությունը  պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը  հաստատել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը, որի  գործարկման համար դեռ անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի հաստատումը , ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի  նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանը բազմիցս շեշտում է, որ շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը։ Վերջին տարիներին Իրանում նաև հրթիռների արտադրման  3-րդ ստորգետնյա բազան է կառուցվել։ Իսկ հունիսի 18-ին Իրանը իր միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռներով հրթիռակոծել է «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայում։ Իրանա-իրաքյան պատերազմից ի վեր, դա առաջին անգամն էր, որ Իրանը իր տարածքից դուրս հրթիռ է կիրառել։

Հիշեցնենք, 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *