Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի քրդերի հարցը

Հունիսի 29-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների գագաթնաժողովից առաջ առանձին հանդիպում են անցկացրել Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Նրնանք, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են նաև Սիրիայի քրդերի հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը Բրյուսելում

Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը Բրյուսելում

Բացի Սիրիայից, կողմերն անդրադարձել են նաև Կատարի շուրջ զարգացող ճգնաժամին, Աֆղանստանում և Իրաքում տիրող իրավիճակին:

Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Ըշըքը ամերիկացի գործընկերոջը փոխանցել է «Թուրքիայի մտահոգությունը»՝ կապված Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) գործունեության հետ:

Ըստ թուրքական կողմի՝ Պենտագոնի ղեկավար Մետտիսը հայտարարել է, որ «իրենք ստիպված են համագործակցում YPG-ի հետ և այն ժամանակավոր է և անցողիկ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մայիսին, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջոնաթան Կոենը հայտարարել էր, որ իրենց հարաբերությունները Սիրիայի քրդերի «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ «ժամանակավոր են» և «մարտավարական»:

Ներկայում ԱՄՆ-ն մարզում և զինում է քրդական ուժերին, որոնք հունիսի սկզբից ներգրավված են Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետությունից» ազատագրելու գործողությանը: Սակայն Թուրքիան չի դադարում հայտարարել, որ իրենք կարող են լայնամասշտաբ գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *