ՀՀ ԶՈւ զորակոչիկները բանակային սննդի կանցնեն անմիջապես հավաքակայաններում

2017 թվականի ամառային զորակոչից սկսած հավաքակայանում զորակոչիկները անցնելու են բանակային սնունդի, և տանից որևէ սնունդ բերելու կարիք, անհրաժեշտություն այլևս չի լինելու: Այս մասին հունիսի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Հայկական բանակի զինծառայողները ճաշելիս

Հայկական բանակի զինծառայողները ճաշելիս

Պաշտպանության նախարարը նշեց, որ նույնիսկ թույլ չի տրվելու տանից սնունդ բերել, քանի որ առողջության, եղանակային պայմանների տեսանկյունից, սննդի՝ շոգից փչանալու դեպքերից խուսափելու համար տանից սնունդ բերելն անգամ ոչ ցանկալի է:

«Բոլորը կստանան հենց առաջին օրվանից պարենային բավարարում և հավաքակայանում կիրականանացվի մեր նորակոչիկներին համապատասխան  սպասարկում, [այդ թվում] նաև ճանապարհի համար մինչև զորամաս նրանք կստանան իրենց ճանապարհային սննդի փաթեթները», — հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով «տուլիկներին»` նախարարը նշեց, որ դրանք շատ կարևոր գործառույթ ունեն, որովհետև տան հետ, ընտանիքի հետ կապի միջոց են: Նախարարի խոսքով՝ իր համար սկզբունքային խնդիրն այն չէ՝ դրանք ուղարկում են, թե ոչ, այլ այն է՝ պարտադրված են ուղարկում, թե ոչ:

«Եվ եթե դա վատ է, վատ է այն դեպքերում, երբ դա պարտադրված միջոց է, որովհետև եթե [զինծառայողը] չստանա իր ստացած իրային կամ պարենային բավարարումը, իրեն թողնելու է քաղցած կամ թերհանդերձավորված: Դրա դեմ մենք պետք է պայքարենք, որ նման խնդիր չլինի»:

Նախարարը չի կարծում, որ պետք է փորձեն կտրել կապը ընտանիքի և զինվորի միջև, սակայն ըստ նրա՝ «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն պետք է:

«Պատկերացրեք, որ [օրինակ] թունավոր սնկով մարինացված մի պահածո [ուղարկվի], և մի քանի զինվոր դրա արդյունքում թունավորվի: Եվ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք  դժվար է վերահսկել, որովհետև ամեն զորամասում որակի հսկողության  և անվտանգության … իրականացնելը կարող է բարդ լինել»:

Նախորդ՝ ձմեռային զորակոչից սկսած զորակոչիկները զինվորական համազգեստ ստանում են հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում։ Փոփոխություններ էին եղել նաև վիճակահանության կարգում։ Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնում են բուժզննություն։ Սահմանվել են նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ՝ տարբերանշաններով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մայիսի 15-ին ՀՀ նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման հրամանագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *