Թուրքիան պատրաստ է նոր գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում. Էրդողան

Թուրքիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է նոր խոշորամասշտաբ գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում և իր վերահսկության տակ վերցնել Մանբիջն ու Ռաքքան, որպեսզի թույլ չտա այնտեղ քրդական պետության ստեղծումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի թղթակցի հարցին:

«Ներկայում Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում: Եթե դա հանգեցնի մեր սահմանների համար սպառնալիքի առաջացմանը, ապա մենք կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», – ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ ավելի վաղ պաշտոնական Անկարան պատրաստակամություն է հայտնել Մանբիջը և Ռաքքան ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, սակայն նրանց դեմ պայքարող և ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի երկրները այդ հարցում նախապատվությունը տվել են Սիրիայի քրդական խմբավորումներին:

Էրդողանը կրկին իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թե համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) խմբավորմանը զենք ու զինտեխնիկա մատակարարելու վերաբերյալ:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական կառույցները համարում է «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) «սիրիական թև» և նույնպես «ահաբեկչական կազմակերպություններ»:

Ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են հենց քրդական այս կառույցները: Սրան բացասաբար է վերաբերում թուրքական կողմը: Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ իրենք թույլ չեն տա թուրք-սիրիական սահմանին քրդական ինքնավարության կամ էլ պետության ստեղծումը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

2016 թ. օգոստոսին Թուրքիայի զինուժը ձեռնարկած «Եփրատի վահան» գործողության հիմնական նպատակներից մեկն էր հանդիսանում Սիրիայում քրդական ինքնավար շրջանների միավորումը բացառելը:

Մյուս կողմից Սիրիայի քրդական կառույցներին աջակցում է ԱՄՆ-ն, որի աջակցությամբ էլ այժմ Սիրիայի քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրտական ուժեր» (SDF) խմբավորումը իրականացնում է Ռաքքա քաղաքի ազատագրումը իսլամիստ զինյալներից: Սա բացասաբար է ազդում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Թուրքական կողմը բազմիցս Միացյալ Նահանգներին մեղադրել է «ահաբեկչական կառույցներին» աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *