Նոր ֆինանսական աղբյուրների շնորհիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների՝ բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին բնակարան տալու ծրագիրը 3 տարվա փոխարեն կավարտվի մինչև 2017թ․ տարեվերջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Տարիներ շարունակ ունեցել ենք կուտակված հերթագրում։ Եվ այդ հերթի մեջ եղել են նաև 90-ականներին զոհված զինծառայողներ և՛ Երևանից, և՛ մարզերից»։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ նախագահը հանձնարարել էր 3 տարում լուծել հարցը։ Կառավարությունը, ուսումնասիրելով ֆինանսավորման հնարավորությունները, որոշել է ճանապարհային խախտումներից գանձվող գումարների մի մասն ուղղել այս խնդրի լուծմանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության որոշմամբ այս ծրագիրը մեկնարկել է, և ՀՀ ՊՆ-ին հատկացվել է ևս 3 մլրդ դրամ, որի մի մասն ուղղվելու է բնակարանների տրամադրման այս խնդրին։