Ռուսաստանը կրակային աջակցման «Տերմինատոր» մեքենա է ուղարկել Սիրիա

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Սիրիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ նրան ներկայացրել են ռուսական զորքերի սպառազինությունը: Այցի վերաբերյալ լուսանկարների մեջ երևում է նաև ռուսաստանյան արտադրության տանկերի կրակային աջակցման ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենա: Լուսանկարները համացանցում հայտնվել են այսօր՝ հունիսի 27-ին:

Սա առաջին անգամն է, որ այս զինատեսակը ներկայացվում է Սիրիայում:

ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին

ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին

Մինչ այս՝ հունիսի 19-ին, ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Խլոպոտովը, ով մասնագիտանում է զրահատեխնիկայի ոլորտում և կապեր ունի տեխնիկան արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերության հետ, գրառումներից մեկում հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ զինծառայողները պատրաստություն են անցնում ընկերության տարածքում, սովորում են վարել և կիրառել «Տերմինատոր» մեքենաները:

Ըստ բլոգերի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր վերջո որոշել է գնել մեքենաներից «առնվազն մեկ տասնյակ» միավոր: Նման որոշումը, ըստ նրա, պայմանավորված է Սիրիայում ռուսաստանյան ստորաբաժանումների ռազմական գործողությունների փորձով:

Տեխնիկան կառուցված է ռուսաստանյան Տ-72/90 տանկերի բազայի վրա և նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։

Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում՝ 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։

Մեքենան առաջին անգամ է ներկայացվում Սիրիայում: Մինչ այդ, չնայած ներկայացվող կրակային հզորությանը, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենաներից մի քանի միավոր գնել է միայն Ղազախստանը (առնվազն 3 միավոր ԲՄՊՏ ներկայացվել է 2011-ի զորահանդեսի ժամանակ): Մեքենաներից ևս մի քանի միավոր առկա էր Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության մեջ, մինչև ՌԴ ԶՈւ բարեփոխումները։

Արտասահմանյան գնորդներին տեխնիկան հիմնականում ներկայացվում է որպես Տ-72 և Տ-90 տանկերի արդիականացման-ձևափոխման տարբերակ: Այսինքն «երկրորդ կյանք է տալիս» հնացած տանկերին: Նույն կերպ այս տեխնիկան ներկայացվել է նաև Ադրբեջանին, սակայն հետագայում հետաքրքրություն չի առաջացրել:

Հավանական է, որ Սիրիայում ևս զինատեսակը ներկայացվում է «իր մասին հիշեցնելու» համար: Առհասարակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայում իր զորքերի տեղակայմանը զուգահեռ հակամարտության ընթացքում մարտական պայմաններում կիրառմամբ փորձարկել է իր մի շարք զինատեսակներ:

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *