2016-ի ապրիլին վիրավորված ՀՀ ԶՈւ զինծառայողը ՀՀ պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի ՌԴ-ում

ՀՀ կառավարության հունիսի 29-ի նիստի ընթացքում որոշվել է վիրավորված զինծառայող Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով ՀՀ ՊՆ-ին հատկացնել 3 մլն 495 հազար դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Գումարը հատկացվելու է 2017 թվականի ՀՀ պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

2017-ի մայիսին Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել էր ևս 4 մլն 138 հազար դրամ:

Նախագծի հիմանավորման նշվում է, որ ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն զինծառայողի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա առաջարկվում է  ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 3 մլն 495 հազար դրամ:

Ռոլանդ Քաջիկի Սահակյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 3-ին: 2016-ի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ավելի վաղ զինծառայողի ծնողները դիմել են ՀՀ ՊՆ՝ զինծառայողի բուժումն արտերկրում շարունակելու համար: Սակայն հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռոլանդի բուժումը կարելի է Հայաստանում իրականացնել:

Մինչ այս 4 զինծառայողի (այդ թվում նաև Ռոլանդ Սահակյանի) բուժումը արտերկրում կազմակերպելու համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 45 մլն 722 հազար ՀՀ դրամ:

2016-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ստեղծել հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացություն կտա՝ արդյոք զինծառայողի բուժումը հնարավոր է Հայաստանի բուժհաստատություններում, թե ոչ: Եթե հնարավոր չէ, ապա բուժման նպատակով զինծառայողը կուղարկվի արտերկիր:

Սահմանվել է, որ արտերկրում բուժման համար բուժման, նրա կեցության ու ճանապարհածախսի գումարները տրամադրելու է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից: Անհրաժեշտության դեպքում գումար է հատկացվելու նաև զինծառայողին ուղեկցող անձին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *