Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Բինգյոլ նահանգում

Հունիսի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին են հարվածել երկրի արևելյան Բինգյոլ նահանգում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել են» քրդական կառույցի դիրքերը, թաքստոցները:

Բացի օդուժի գործողություններից, Թուրքիայի ուժայինները քրդերի դեմ գործողություններ են իրականացնում նաև երկրի արևելյան և հարավարևելյան Դիարբեքիր, Շանլըուրֆա, Սղերթ (Սիիրթ) և Էլյազիգ նահանգներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Բացի Թուրքիայի տարածքում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց, Թուրքիայի օդուժը հաճախ PKK-ի դիրքերին հարվածում է նաև Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ էլ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները:

Բախումներն ուղեկցվում են երկուստեք մարդկային և նյութական կորուստներով: Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ միայն հունիսի 15-22-ի PKK դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 10 զինծառայող, ևս 36-ը վիրավորվել է, «շարքից հանվել է» քրդական կառույցի 53 զինյալ:

2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներ ավերակների են վերածվել, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *