Սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 2 զինծառայող

Հունիսի 26-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Իրաքի հյուսիսային հատվածից ականանետով և ԴՇԿ տիպի գնդացիրներով կրակել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ծառայություն իրականացնող զինծառայողներին, սպանվել է 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ)

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ)

Միջադեպից հետո Թուրքիայի զինուժը գործողություններ է սկսել Հաքքարի նահանգի այդ հատվածում, որին ներգրավված են նաև հրետանային համակարգեր, ԱԹՍ-ներ:

Նույն օրը ևս մեկ, բայց այս անգամ, ոչ մարտական կորուստ է գրանցվել Թուրքիայի զինուժում: Սվազ-Անկարա ավտոճանապարհի վրա շրջվել է ժանդարմերիայի զինծառայողների տեղափոխող մեքենա, մահացել է 1 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել և հոսպիտալացվել է: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ ռազմական բախումների և պատերազմական իրավիճակների դեպքում սովարաբար բացի մարտական կորուստներից, աճում են նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը:

Թուրք-քրդական բախումները, որոնք վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից, կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից: Բախումներն ուղեկցվում են երկուստեք մարդկային և նյութական կորուստներով: Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ միայն հունիսի 15-22-ի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 10 զինծառայող, ևս 36-ը վիրավորվել է, «շարքից հանվել է» քրդական կառույցի 53 զինյալ:

Բացի մարդկային կորուստներից, 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանգներ ավերակների են վերածվել, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *