Հոլանդիան պատրաստվում է 2 «Փեթրիոտ» համակարգ տրամադրել Թուրքիային

Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութեն հայտարարել է, որ Հոլանդիայի կառավարությունը վերջապես որոշում է կայացրել Թուրքիային երկու «Փեթրիոտ» հրթիռային համակարգ տրամադրել, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Հոլանդիայի խորհրդարանը դեռ պետք է հաստատի կառավարության որոշումը, բայց քանի որ վարչապետի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ակնկալվում է, որ դա կարվի առանց ձգձգելու:

«Փեթրիոտ» համակարգերը սպասարկելու համար Հոլանդիան նախատեսում է 360 զինծառայող ուղարկել Թուրքիա:

Հոլանդական կառավարության հայտարարության մեջ ասվում է. «Հոլանդական «Փեթրիոտների» տեղակայման նպատակը ՆԱՏՕ դաշնակից [sic!] Թուրքիայի բնակչության և տարածքի պաշտպանությունն է և դաշինքի հարավային սահմանի լարված ճգնաժամային իրավիճակի նվազեցում»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը նույնպես հայտնել էր Թուրքիա երկու «Փեթրիոտ» համակարգեր և դրանց սպասարկող մոտ 400 զինծառայող ուղարկելու մասին: Գերմանիայի կառավարության որոշումը դեռ պետք է վավերացվի երկրի խորհրդարանում, ինչը նախատեսվում է անել մյուս շաբաթվա ընթացքում:

Միացյալ Նահանգները նույնպես հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիային «Փեթրիոտ» համակարգեր տրամադրել: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ խոսքը նույնպես երկու համակարգի մասին է: Վերջնական որոշում սակայն դեռ չի կայացվել և համակարգերի քանակը հնարավոր է ավելանա:

Սիրիան, Իրանը և Ռոսաստանը քննադատել են ՆԱՏՕ այս քայլերը՝ նշելով, որ համակարգերի տեղադրումը ավելի անկայուն կդարձնի տարածաշրջանը:

Թուրքիայում «Փեթրիոտնեիր» տեղակայման վայրը դեռ չի որոշվել:

Սկզբնաղբյուր. Reuters

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *