Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունները կավարտվեն մոտ օրերս։ Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ղանի ալ-Ասադին։ Հունիսի 26-ին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հրամանատարի՝ Մոսուլում շատ քիչ թվով ԻՊ զինյալներ են մնացել, որոնք հիմնականում կենտրոնացած են հին քաղաքում։ Զինյալների վերահսկողության տակ 2 քառակուսի կմ-ից քիչ տարածք է մնացել։

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017)

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017)

«Ռազմական տեսանկյունից ԻՊ-ն էլ չկա։ Նրանք կորցրել են մարտական ոգին և հավասարակշռությունը։ Մենք կոչ ենք անում նրանց հանձնվել կամ պարտվել», — հայտարարել է Ասադին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ զինյալները պայթեցրել էին Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը, որտեղ  2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին։

Իրաքի պաշտպանության նախարարը մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում էր որակել։

«Իսլամական պետություն» խմբավորման ներկա վիճակին անդրադարձել ենք նաև Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի հաղորդման ընթացքում:

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ: 2017-ի հունվարին Իրաքի ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլ արևելյան հատվածում, ինչին հաջորդել են արևմտյան հատվածի ազատագրման համար գործողությունները

2017-ի մայիսի կեսերի դրությամբ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի մոտ 90 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի թաղամաս է մնացել, որոնց մեջ է նաև Ալ-Նուրի Մեծ մզկիթը:

Իրաքի կառավարական բանակը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն մզկիթը ազատագրել ԻՊ-ից մուսուլմանների համար սուրբ համարվող «Ռամադան» ամսվա ընթացքում:

Իրաքի Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ քաղաքը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *