Հունիսի 25-ին Կատարի իշխանությունները մերժել են արաբական երկրների` Սաուդյան Արաբիային, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Բահրեյնի, 13 կետից բաղկացած պահանջագիրը և անվանել դրանք անողջամիտ և անկիրառելի: Կատարը առաջիկայում նաև համարժեք պատասխան է տալու արաբական երկներին: Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստալիքի կայքը:
Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի տնօրեն Շեյխ Սաիֆ բին Ահմեդ ալ-Սանին հայտարարել է, որ այդ պահանջները հաստատում են, որ Կատարի շրջափակումը, ոչ մի առինչ չունի ահաբեկչության դեմ պայքարի հետ:
Հունիսի 24-ին Միացյալ Նահանգներում Կատարի դեսպան Մեշալ Համաս ալ-Սանին հայտարարել է, որ արաբական երկրների պահանջները ազատ լրատվամիջոցները և խոսքի ազատությունը ճնշելու, ինչպես նաև Կատարի ինքնիշխանությունն ու անկախությունը խախտելու փորձ են:
The list is an attempt to suppress free media & freedom of speech. And infringe upon our sovereignty & punish Qatar for its independence.2/2
— Meshal Hamad AlThani (@Amb_AlThani) June 23, 2017
Հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտնել է, որ արաբական երկրների ներկայացրած պահանջներից որոշները դժվար կլինի բավարարել, սակայն այդ պահանջները Կատարի ճգնաժամը հարթելու համար բանակցությունների հիմք են ստեղծում: Փոխանցում է բրիտանական BBC News լրատվական գործակալությունը:
Հունիսի 23-ին «Մարդու իրավունքների պաշտպանության» միջազգային կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի տնօրենը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Ալ-Ջազիրան» փակելու վերաբերյալ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի պահանջը ոչ միայն պատիժ է Կատարի համար, այլև զրկում է միլիոնավոր արաբներին հասանելիություն ունենալ տարածաշրջանի կարևոր լուրերին:
.@HRW on absurd demand to close @AJArabic pic.twitter.com/0TAgc4FCXF
— Sarah Leah Whitson (@sarahleah1) June 23, 2017
Նշենք, որ արաբական երկրների պահանջներին բացասաբար է վերաբերվում նաև թուրքական կողմը: Հունիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ պահանջները միջազգային իրավունքի և Կատարի ինքնիշխանության խախտում են:
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այդ պահանջների մեջ է նաև թուրքական ռազմաբազայի փակում: Պահանջներն ամբողջությամբ այստեղ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:
Արաբական երկները իրենց արարքը մեկնաբանում են նրանով, որ Կատարը աջակցում է ահաբեկչական կառույցներին: Սակայն Կատարի ճգնաժամը պայմանավորված չէ միայն ահաբեկչական կառույցների հետ: Այն կապված է տարածաշրջանում ավելի խորքային խնդիրների, մասնավորապես ԱՄՆ-Իրան, Իրան-Սաուդյան Արաբիա հակասությունների, ինչպես նաև իսլամական աշխարհի տարբեր ճյուղավորումների և գաղափարական տարբերությունների հետ: