Կատարից թուրքական զորքը դուրս բերելու պահանջը անհարգալից վերաբերմունք է. Էրդողան

Հունիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Կատարում թուրքական ռազմաբազան փակելու և Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ արաբական մի քանի երկրների՝ Կատարին ուղղված պահանջներին, հայտարարել է, որ այդ պահանջները անհարգալից վերաբերմունք են առաջին հերթին Թուրքիայի նկատմամբ:Փոխանցում է թուրքական NTV հեռուստանընկերության կայքը:

«Կատարին արված առաջարկը արել ենք նաև Սաուդյան Արաբիային: Կատարի նման, եթե Սաուդյան Արաբիան էլ ցանկանում է, որ այնտեղ ռազմաբազա ստեղծենք, դրա ուղղությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել: Այս առաջարկը անձամբ ներկայացրել եմ թագավորին [Սաուդյան Արաբիայի թագավորին – խմբ]: Ասել են, որ կքննարկեն այդ առաջարկը, և դրանից հետո ոչ մի պատասխան չի եկել: Այս դեպքում պահանջել, որ Թուրքիան զորքերը դուրս բերի, առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է Թուրքիայի նկատմամբ: Մենք ինչ-որ երկրի հետ ռազմական համագործակցություն անելու համար, ինչ-որ մեկից թույլտվությո՞ւն պետք է խնդրենք: Թուրքիան շարքային մի երկիր, շարքային մի պետություն չէ: Այդ պատճառով Կատարից զինծառայողներին դուրս բերելու նման պահանջը Թուրքիային ուղղված անհարգալից վերաբերմունք է»,— ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ արաբական երկրների 13 կետանոց պահանջագիրը Կատարին միջազգային իրավունքի խախտում է: Ըստ Էրդողանի՝ արաբական երկրները խախտում են Կատարի ինքնիշխանության իրավունքը և խառնվում են Կատարի ներքին կյանքին:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այդ պահանջների մեջ է նաև թուրքական ռազմաբազայի փակում: Պահանջներն ամբողջությամբ այստեղ

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար

Նշենք, որ թուրքական կողմը արդեն սկսել է զորքեր տեղակայել Կատարում: Հունիսի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհա է ուղարկվել Թուրքիայի զինված ուժերի 5 միավոր զրահափոխադրիչ և 23 զինծառայող: Դեռևս 2014-ին տեղեկություններ էին տարածվել Կատարում մինչև 3000 թուրք զինծառայող տեղակայելու մասին:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

One response to “Կատարից թուրքական զորքը դուրս բերելու պահանջը անհարգալից վերաբերմունք է. Էրդողան

Մեկնաբանել VanoՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *